Ջաննի Ռոդարի ՀԻՆԳԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

– Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, – գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

– Ի՞նչ է պատահել:

–  Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

– Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

– Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

– Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:

–  Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գի­շեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝ Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վա­զեց ու իրեն տրամվայ գցեց:

– Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի՞ եմ նման:

Տոմսավաճառը մրթմրթաց.

– էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի:

– Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց  Երկուսը:

– Բա չէ՞, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:

Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:

– 0՜, ներեցեք, տիկին:

Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տես է, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իս­կույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչո՞ւ հրաշալի, որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

– Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s