Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:
Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Խաղող

Խաղողի որթատունկերը սովորաբար արտադրում են պտուղներ, որոնք գտնվում են նախորդ վեգետացիոն շրջանում ծլած բողբոջներից առաջացած շիվերի վրա։ Խաղողագործության մեջ սա մշտական բերքատվություն ապահովող հիմնական սկզբունքներից է (միամյա ծառը ներառում է ձմռանը՝ բերքահավաքից հետո աճած շիվերը)։

Մայր հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն Է:
Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:

Փորձե՛նք պարզել,  թե ինչից է կազմված հողը:

հող

Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Լճերի տեսակները և ջրանբարներ

1լճեր

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և  կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝  Բայկալը:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի  հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա  լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝  Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր  և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում

Գետեր, լճեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: